Սոֆի․․․ կամ աջ թե ձախ [Egretta Garzetta] (fb2) читать онлайн


 [Настройки текста]  [Cбросить фильтры]

Egretta Garzetta Սոֆի․․․ կամ աջ թե ձախ

—Սա է չէ՞ ձեր բոլորի ուզածը։

Արամը չէր հեռացնում հիացած հայացքը հարբած օրիորդից։ Շատ լավիկն էր։ Սա նման չէր իր իմացած աղջիկներին։ Այստեղ զգացվում էր բարձր որակ։ Նա նման էր թանկարժեք գինու, որ ոչ բոլորը բախտ ունեն ըմպել։ Մազերը, դեմքը խնամված, հագուստը ճաշակով, նույնիսկ ապարանջանը անթերի լրացնում էր նրա տեսքը։ Միայն նրա վիճակը ընկնում էր դուրս այն բարեպաշտ մթնոլորտից, որ արտացոլում էր նրա արտաքինը։

Արամը չգիտեր նրա անունը։ Չէր հավատում, որ իսկականում Սոֆի է ինչպես ներկայացավ օրիորդը։ Ինչ է կորցրել նման գեղեցկուհին ակումբում և հիմա իր ննջասենյակում։ Ինչ տարօրինակ պահվածք է։ Բայց դա նշանակություն չունի։ Ի՜նչ գրավիչ աչքեր ունի։ Նրանց մեջ կարելի է խեղդվել։

Սոֆին արձակեց բլուզի կոճակները։ Մատները չէին հնազանդվում, երեք կոճակը արձակելուց հետո, չհամբերեց, քաշեց վերև, սակայն չկարողացավ հանել գլուխը ու խճճվեց հագուստի մեջ։

–Ու՜ֆ․․․

–Արի՛ օգնեմ։

Արամը մոտեցավ ու օգնեց հանել։ Նկատեց ինչպես կարմրեցին աղջկա թշիկները։ Նետեց հատակին Սոֆիի վերնաշապիկը ու առավ ափերի մեջ նրա դեմքը։

–Սպասի՛ր։

Բայց Արամը չսպասեց։ Այդ շրթունքները գերել էին իրեն այն վայրկյանում երբ արտասանեցին․ «Ի՞նչ ես այդպես նայում։ Դուրդ եկա՞։ Դե ուրեմն արի չերկարացնենք»։ Ուրեմն չենք երկարացնի․․․ Գրկեց օրիորդին ու խելահեղ համբույրներով ծածկեց նրա դեմքը, վիզը, ուսերը։

Գիշերվա ժամը չորսն էր։ Պետք էր գնալ տուն։ Սակայն Արամը նստել էր անկողնում ու զննում էր կողքը կուչ եկած օրիորդի մարմինը։ Երեկ այնքան արագ ամեն ինչ կատարվեց, որ չհասցրեց նույնիսկ մանրամասնորեն զննել նրան։ Ու հիմա երբ օրիորդը քաշել է վերմակը մինչև վիզը ծածկել կուրծքը, բաց թողնելով սպիտակ մեջքը, ինքը տեսնում էր այն ինչ երեկ չտեսավ նրա խավարած ուղեղը։ Մի ուրիշ դեպքում ինքը անշշուկ դուրս կգար, ինչպես արել է հազար անգամ։ Սակայն հիմա այս աղջիկը կապեց իրեն։ Ետ արեց վերմակը, նայեց ալ հետքերին։ Ի՞նչ խաղ խաղաց այս աղջիկը իր գլխին։ Մինչև այս ինքը նման բուռն գիշերներից հետո լիցքաթափվում էր, թարմանում, բայց հիմա անսովոր ծանրություն էր իջել ուսերին։ Նայեց Սոֆիի խճճված մազերին։ Ո՞վ ես դու։ Ինչու՞ քայլեցիր ինքդ քո վրա։ Արամը իհարկե ժամանակակից հայացքների տեր մարդ էր, սակայն երբ խոսքը վերաբերում էր ավանդական չգրված օրենքներին, հոգով ու խելքով դառնում էր փափախը գլխին ու յափնջին ուսերին լեռնական։ Ու այս աղջիկը․․․ ի՞նչ էր սա․․․ ի՞նչ խաղ էր․․․ ինչու՞ այսպես վարվեց․․․ հոգնել էր կուսությունից ու նշանակություն չուներ թե ում հետ։ Հետաքրքիր է ինչու՞․․․ գուցե ավելի ազատ կյանք վայելելու համար։ Դե իհարկե դա իր ընտրությունն է։ Ամեն ինչ կատարվել է նրա կամքով, ու փառք աստծո ոչ մեկին զոռով այստեղ չի բերել։ Մթության մեջ լսվում էր Սոֆիի հանգիստ շունչը։ Ձգվեց դեպի օրիորդը, բայց չդիպավ։ Ինքն էլ չէր հասկանում ինչու՞ իրեն այսպես հուզեց այն փաստը, որ օրիորդը կույս էր։ Սակայն կարծես հավերժ պարտքի տակ գցեցին իրեն, զգում էր պատասխանատվություն։

Արամը ծանր շունչ քաշեց։ Անշշուկ բարձրացավ, հագնվեց ու մտախոհ նայեց անշարժ պառկածին։ Ինքը պիտի գնար, չի կարող մնալ։ Կմնար, եթե հանգամանքները ուրիշ կերպ դասավորվեին։ Ինչպես նորմալ տղամարդ կվերցներ իր վրա պատասխանատվության բաժինը, գուցե և կամուսնանար․․․ բայց Արամը չի կարող, որովհետև ինքը արդեն ամուսնացած է։

Երևի մի քսան տարեկան եղած ժամանակ ուրախությունից ցատկոտելու էր, որ զրկել կուսությունից մի հիմար աղջկա, բայց հիմա միայն բերանը ծռեց, թվաց թե իրեն օգտագործեցին հանցագործության մեջ ինչպես անուղեղ գործիք։ Հոգում խլրտաց վիրավորված արժանապատվության զգացմունքը։ Բա ի՞նչ, պիտի ուրախությունից պարի, որ իրեն է ընտրել։ Գու՞ցե պետք է հպարտանալ, որ բոլորի միջից իրեն բախտ վիճակվեց լինել առաջինը։ Խորթ էր նրա կերպարանքը ակումբի կիսախավարին։ Այնքան էր հարբել, որ ինքն իրեն չէր ճանաչում։ Ինչու՞ այդպես վարվեց։ Ուրիշները չեղածը կարում են, իսկ այս հիմարը ունեցածն էլ քամուն տվեց։ Հիշեց կնոջը, իրենց ամուսնությունը, ինչպես ինքը գլուխը բարձր հպարտ քայլում էր։ Այս գիշեր մի ուրիշ հայ տղա զրկվեց այդ իրավունքից։ Հիմա դու տուն տանելու աղջիկ չես։ Ետուառաջ քայլեց։ Գուցե արթնացնել, հարցնել ով է, ինչու խորտակեց իր ապագան։ Բայց, stop վերջապես ինչու՞ է ինքը այսքան մտածում։ Իր ի՜նչ գործն է, որ մի անծանոթ աղջիկ որոշել է փոփոխություններ անել կյանքում։ Նա ինքը մտավ առաջին տեսածի ծոցը, ուրեմն ինքն էլ մեղավոր է։ Արա՜մ, հանիր յափնջին ուսերիցդ։ Ի՜նչ ուզում է թող անի, ափսոս ազգի պատիվն են գցում սրա նմանները։ Վերցրեց զարդասեղանից հեռախոսը։ Կինը զանգել է հազար անգամ։ Զգուշացրել էր չէ՞, ասել որ գործ ունի, ուշ է գալու։ Երևի աղջիկներն են ստիպել մորը զանգել։ Պապան ու՞ր է, պապան ու՞ր է։ Կծեց շրթունքները։ Մոտեցավ քնած օրիորդին։ «Ամեն ինչդ տեղին էր։ Ի՞նչդ էր պակաս։ Դե եթե և պակաս էր, հիմա լրացավ։ Հուսով եմ գոհ ես»։

Նորից ետ արեց վերմակի փեշը, նայեց ու ծածկեց։

Անցավ երկու ամիս։ Բայց Սոֆին չէր ջնջվում հիշողության միջից։ Քանի անգամ գնաց նույն ակումբ, բայց նրան հանդիպել չէր հաջողվում։ Բացեիբաց հարցնել ոչ մեկին չէր ուզում։ Վերջապես շատ պետք էր իրեն այդ աղջիկը։ Ինքը երբեք մշտական սիրուհի չի ունեցել, միայն ժամանակավոր դեպքեր, որոնք կարևոր չեն ու ամուսնական կյանքին ընդհանրապես չեն խանգարում։ Ուղղակի իրեն հետաքրքիր էր, ո՞վ է այդ Սոֆին ու ինչու՞ այսպես վարվեց։ Բայց կյանքը հարուստ է անակնկալներով ու իրեն վիճակվեց հանդիպել Սոֆիին նորից։

Մոտիկ ընկերը՝ Վահանը, հաճախ պատմում էր, որ հավանել է մի աղջկա, սակայն միշտ բացասական պատասխան է ստանում։

–Ցույց տուր վերջապես նրան։ Արդեն հետաքրքիր է ո՞վ է այդ աղջիկը, որ խելքդ հանել է։

Գնացին օրիորդի աշխատած տեղը։

–Ահա՜, նա է։

Վահանը դուրս ցատկեց մեքենայից։ Երբ Արամը գլուխը դարձրեց նրա ցույց տված ուղղությամբ, աչքերը քարացան։ Սոֆի՞ն․․․

–Արամ, արի ծանոթացնեմ,—ընկերը արդեն օրիորդի մոտ էր։

Արամը տեսավ ինչ տպավորություն թողեց օրիորդի վրա ինքը։ Բայց և ինքը պակաս հուզված չէր։ Սոֆին անթարթ նայում էր իրեն։

–Մոտիկ ընկերս է, Սո՜ֆ․․․ ինչ գույնդ գցեցիր, չենք փախցնելու,—ժպտաց Վահանը,—մենք ադաթներով ապրող մարդիկ ենք ու առանց համաձայնության հարսանիք չի լինի։

–Եթե ադաթով ես ուզում, Վա՜ն, ապա ճիշտը կլինի փախցնել։—Արամը նայեց աղջկա աչքերի խորքը։

Սոֆի հիպնոզի տակ մնացածի նման արձանացել էր։

Մի վայրկյան Արամի մտքով անցավ, որ ուշաթափվելու է։ Վահանը երևի չգիտի, ով է այս աղջիկը։ Ի՞նչ անել։ Հեռանալ, թե մնա՞լ։ Գուցե հարմար պահ գտնել խոսել հետը, կամ վերցնել հեռախոսահամարը, հետո զանգել խոսել։ Բայց ինչի՞ մասին։ Մի գիշեր էր անցավ գնաց։ Բայց արի ու տես ինչ զուգադիպություն։ Ասում են որ աշխարհը կլոր է։ Դե հիմա հաստատ համոզվեց դրա մեջ։ Ինչու հարյուրհազարանոց քաղաքում, Վահանը հավանել է հենց այս աղջկան։ Ուշադիր նայեց ընկերոջը։ Լուրջ սիրահարվել է։ Դե հա, սպասեք, ուրեմն սրա մասին է կես տարի պատմում։ Այ, քեզ բա՜ն․․․ Արամը բռնեց գլուխը, խուսափեց Վահանին նայելուց։ Միթե չկա՞ր ուրիշը։ Աչքի տակով ոտից գլուխ չափեց Սոֆիին։ Նա համրացել ու քարացել էր։ Իսկ և իսկ արձան։ Իսկ ինքը եղել այդ արձանի ծոցում, բայց այն ժամանակ Սոֆին ոչ թե մարմարից էր, այլ հողեղեն մարմնից, այն էլ ի՜նչ մարմնից։ Արամը բերանի անկյուններով ժպտաց։

–Ինչու՞ ես եկել,—վերջապես լսվեց օրիորդի ձայնը։

–Եկել եմ ծանոթացնեմ քեզ ընկերոջս հետ։

Սոֆին չնայեց Արամի վրա։ Բայց վերջինս հայացքը չէր հեռացնում, օրիորդից։ Նույն խնամված դեմքը, փափուկ բաց շագանակագույն մազերը, հագին թեթև գարնանային շրջազգեստ ու միջին չափի կրունկով կոշիկներ։ Ամեն ինչ նուրբ ճաշակով ու վերին աստիճանի համեստ։ Բա ի՞նչ էր այն գիշեր․․․ այս աղջիկը չէ՞ր, որ գրկում համբուրում էր իրեն, ու ծածկեց դեմքը ցավից, երբ չկար հետդարձի ճանապարհ։

–Սոֆի՜․․․

Բայց օրիորդը առանց հետ նայելու արագ քայլերով հեռացավ։

–Ա՜յ, սա է իմ Սոֆին։

–Ինչպես հասկացա դեռ քոնը չի։—մի վայրկյան աչքերը հեռացող Սոֆիի վրա պահելով, ասաց Արամը։

–Դա միայն ժամանակի հարց է։

Արամը ձայն չհանեց։ Բայց երեկոյան տանը երկար մտածեց ապագա խոսակցության մասին։ Չգիտեր որն էր առաջնային, ընկերոջը պատմել կատարված դեպի մասին, թե սկզբում խոսել Սոֆիի հետ։ Կամ գուցե ընտրել երրորդ տարբերակը, չխառնվել ընդհանրապես։ Աղջիկը իրեն իհարկե ճանաչեց։ Դեմքը մոմ դարձավ իր հայտնվելուց հետո։ Եթե մի քիչ խելք ունի, ապա ինքը կհեռանա։ Բայց եթե խելք ունենար այսպես չէր անի։ Ինչու՞ էր իրեն այսպես ազդել Սոֆիի անմեղությունը չգիտեր։ Զգում էր, որ նրա արարքի մեջ կար հետաքրքիր նախաբան։

Արամը երկար ժամանակ չէր կարող հավաքել մտքերը ու չգիտեր անելիքը։ Դժվար էր, որովհետև չէր կարող հանգիստ նայել ընկերոջ աչքերին, և տանել այն փաստը, որ իր տուն հաճախ պիտի մտնի ընկերոջ կինը, որը եղել է իր անկողնում։ Սակայն դա էլ հեչ․․․ ավելի հետաքրքիր է լինելու, եթե Վահանը իմանա։

–Արամ, քեզ ի՞նչ է պատահել,—անհանգստացավ կինը երեկոյան ընթրելիս։

–Ոչինչ, Նա՜զ, ամեն ինչ նորմալ է։

–Բայց մի տեսակ ես։

Արամը խոսքը ջուրը գցեց։ Քնելուց առաջ մի լավ խաղաց աղջիկների հետ։ Ինչպես կինը ասում էր․ «Հոգիները հանեց»։ Մեծը՝ Անուլիկը, յոթ տարեկան էր, նման էր մորը, իսկ փոքրը՝ Աստղիկը՝ չորս տարեկան՝ իրեն։

–Մենք պիտի խոսենք,—ասաց նա մյուս օրը Սոֆիին, երբ օրիորդը առավոտյան եկավ աշխատանքի։ Երկար սպասեց պատի տակ մինչև նա եկավ։ Սոֆին կարմրեց, աչքերը խոնավացան։ Արամը նկատեց ինչպես են դողում նրա բարակ երկար մատները։ Նա իրար վրա քաշեց երկար բրդից գործված բարակ բաճկոնը, անհանգիստ շունչ քաշեց, փախցնում էր հայացքը։

–Աշխատանքից հետո խոսենք։ Հիմա հարմար չի։

–Լավ։ Սա իմ հեռախոսահամարն է։ Կզանգե՛ս։

Սոֆին գլխով արեց։ Նրա աչքերի մեջ Արամը տեսավ անհատակ տխրություն։ Երևի մտքից չէր անցկացնում, որ կարող է մի օր ինձ հանդիպել։ Ժամը վեցն էր երբ Սոֆին մտավ պուրակ ու երերուն քայլերով մոտեցավ նստարանին, կարծես կառափնարանին էր մոտենում։ Արամը ոտից գլուխ չափեց նրան։ Օրիորդը այդ անհամեստ հայացքից վատ զգաց իրեն։ Բայց ուժ գտավ իր մեջ ու դիմացավ։

–Սոֆի՜․․․ նստի՛ր․․․

Օրիորդը հնազանդվեց։ Նստավ նստարանի ծայրին, քաշեց իրար վրա բաճկոնի փեշերը ու պինդ սեղմեց իրեն, պայուսակը դրեց ծնկներին։ Սկզբում լուռ էին երկուսն էլ։ Աղջիկը դարձել էր լսողություն։ Արամը տեսնում էր, ինչպես նա աշխատում է մեջքը ուղիղ բռնել, իսկ գլուխը՝ բարձր։

–Ինչպե՞ս ես Սոֆի։ Այդպես էր անունդ չէ՞։

Մի ըմբոստ հայացք եղավ պատասխանը։ Արամը խորասուզվեց այդ աչքերի մեջ։ Բայց Սոֆին պտտեց գլուխը հակառակ կողմ, ավելի սեղմեց պայուսակը իրեն ու բաճկոնի օձիքը ուղղեց, ծածկեց վիզը։

–Ես եկա որ ասեմ քեզ․․․ ձե՛զ․․․

Արամը հազիվ զսպեց ծիծաղը ձե՜զ։ Հետաքրքրությամբ նայեց կողքինի սփրթնած դեմքին։

–Ձե՜զ․․․ Ինձ թվում է ձեզի սահմանը մենք վաղուց անցել ենք։

Սոֆիի ձեռքը մի անհանգիստ շարժում արեց։ Խոնավ աչքերը հանդիմանությամբ նայեցին։ Արամը չգիտեր խղճար, թե ի՜նչ․․․ ի՞նչ պիտի աներ․․․

–Մի՛․․․ մի վիրավորեք ինձ․․․ ես սխալ եմ եղել, ու մեղքը միայն իմն է։ Սակայն դա իրավունք չի տալիս ձեզ վիրավորել ինձ։

–Բայց ես ի՞նչ ասացի որ։

–Դուք ինքներդ լավ գիտեք ինչ նկատի ունեիք։ Մի նվաստացրեք ինձ․․․

Օրիորդը լռեց, նայեց գետնին։ Արամը նկատեց, որ ամբողջ ժամանակ ինչ խոսում էր, փախցնում էր աչքերը։ Նրա կարմրած դեմքը, ու ողջ պահվածքը միայն հարցեր էին ծնում Արամի ուղեղում։

–Սոֆի, ես երկար եմ մտածել այն օրվա մասին, բայց այնպես էլ բացատրություն չեմ գտել արաքիդ։ Իհարկե մենք վաղեմի ծանոթներ չենք ու ես չունեմ իրավունք քեզ նման հարց տալու։ Սակայն ինչու՞․․․ ինչդ էր պակաս․․․ կամ ում ինադու փչացրիր ապագադ․․․ դե հա, հիմա ոչ բոլորը պահպանում են մեր հին օրենքները և ոչ բոլոր տղամարդկանց համար նշանակություն ունի անմեղությունը, սակայն․․․

–Մի հիշեցրեք․․․ չեմ ուզում,—Սոֆին նայեց հեռվում խաղող երեխաներին։ Արամը հասկացավ որ նրա աչքերը ոչինչ չեն տեսնում։ Սա ձևացնում է, թե իրոք փոշմանե՞լ է։

Արամը ինչ Սոֆին եկել էր չէր հեռացնում հայացքը նրանից։

–Իսկ Վահա՞նը։

–Ի՞նչ Վահանը։ Վահան չկա։

–Այսի՞նքն։

–Այսինքն դա իմ գործն է։ Ու ես հաշվետու չեմ ձեզ։

“Այ քեզ փոփոխություն”․ զարմացավ Արամը։

–Իմ գործն է։ Չեմ ուզում, որ ընկերս պոզավոր եղջերու դառնա։

Սոֆիի դեմքը երկարեց, աչքերը կլորացան ու շրթունքները կծկվեցին։ “Ի՞նչ եղավ սրան։ Երևի խփելու է”։

–Մի՛ խոսեք իմ հետ այդ տոնով։ Դուք իրավունք չունե՛ք։

Արամը լսում էր արցունքներ նրա ձայնի մեջ։

–Դուք իմ մասին ոչինչ չգիտեք։

–Ինչպես և դու իմ։

Սոֆին նայեց Արամին։

–Ի՞նչ եք ուզում ինձնից։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից։

Արամը ձեռքը ձգեց դեպի օրիորդի պայուսակին դրված ափը։ Սոֆին օձից խայթվածի նման ցատկեց տեղից։

–Չհամարձակվե՛ք։ Ու՞մ տեղն եք դրել ինձ։

–Սոֆի՞: Թատերական ներկայացու՞մ է։

Մի ծաղրական ժպիտ երևաց օրիորդի դեմքին։ Նույն հայացքը Արամը տեսել էր այն գիշեր, երբ նա ասաց․ «Բոլոր տղամարդկանց նույնն է պետք, միայն մարմինը»։ Ինքն էլ ոտքի ելավ։ Փոշմանեց։ Եկել էր Վահանի մասին խոսել, սակայն խոսակցություն չստացվեց։

–Սոֆի՜․․․

–Մի մոտեցեք ինձ։

Օրիորդը հեռացավ, համարյա փախավ։ Թող գնա հանգստանա, հետո կխոսեն։ Ինչ տարօրինակ պահվածք էր։ Եվ ինչու է անընդհատ քաշում ծածկվում բաճկոնով մինչև վիզը։ Ի՞նչ ես այդտեղ չեմ տեսել։

Մի քանի օր անց նորից եկավ Սոֆիի մոտ, բայց ոչ թե խոսել, այլ հետևել նրա պահվածքին։ Արդյոք նորմալ աղջիկ է, թե ձևացնում է։ Կատարվածը պահի սխալմունք էր։ Ինչու՞ էր կպել այդ աղջկան։ Սա լոկ հետաքրքրությու՞ն է, թե կա ուրիշ զգացմունք։ Բա կի՞նը՝ Նազիկը։ Որոշեց մի քանի օր հետապնդել օրիորդին։ Մի օր տեսավ ինչպես եկավ Վահանը, բայց ինչպես եկավ, այնպես էլ գնաց։ Տեսավ նաև ինչպես նա գնում է տուն ու հաճախ դուրս գալիս պատշգամբ նստում նայում երկնքին։ Երկու շաբաթվա ընթացքում ինչ ինքը հետևում էր Սոֆիին տարօրինակ ոչինչ չէր տեսել։ Բայց նկատեց ինչպես էր մթնում օրիորդի դեմքը ու դառնում մտախոհ։ Եթե չլիներ աշխատանքը, Արամը, քսանչորս ժամ պիտի հետևեր նրան։ Սակայն սեփական կյանքը վերադարձնում էր իրականություն ու ստիպում մտածել կնոջ ու երեխաների մասին։

Անցավ ևս մի ամիս ու ինքը արդեն պատրաստ էր մոռանալ Սոֆիի մասին, սակայն Վահանի զանգը ու նրան հաջորդող հանդիպումը, տակնուվրա արին իր կյանքը։

–Արի՜, Արամ, արի․․․ ես պիտի խոսեմ քո հետ․․․ անպայման պիտի կիսվեմ, թե չէ խելքս գցելու եմ։

Արամի սիրտը կասկած մտավ։ «Չլինի թե Սոֆին ամեն ինչ պատմել է»։

Գնացին խոհանոց։ Վահանը հանեց բաժակները։

–Պետք չի։ Առավոտ կանուխ․․․ Վա՜ն, առանց այն էլ շատ ես խմում․․․

–Ճիշտ ես․․․ պետք է թարգել խմիչքը․․․ դա է իսկական չարիքը․․․ դրա պատճառով են բոլոր պրոբլեմներս․․․

–Ի՞նչ է պատահել։ Ինչու՞ ես այսպես հուզվել։

Արամը սպասեց պատասխանի։ Մի՞էե Սոֆին պատմել է։ Սակայն Վահանը լռում էր։ Նա նյարդայնացած անցուդարձ էր անում խոհանոցում։ Վերջապես կանգնեց ու մի շնչով արտասանեց։

–Արա՛մ․․․ ես մի բան արել եմ, վատ․․․ շա՜տ վատ․․․

–Ի՞նչ, Վա՜ն․․․

–Չգիտեմ ինչպես ասեմ, ամաչում եմ։

–Ինձնի՞ց։ Վա՜ն, դու այն մարդն ես որ գիտի իմ մասին ամեն ինչ, սկսած աշխատանքից, ավարտած նախշունիկներով։ Ի՞նչ ես արել․․․ որ այս վիճակում ես։

–Սոֆին․․․

–Ի՞նչ Սոֆին․․․

–Ես նեղացրել եմ նրան։

–Նեղացրե՞լ։

–Այո։ Մի օր․․․ մի գիշեր․․․ ես նրան․․․ ես հարբել էի, շա՜տ․․․ ոտքերի վրա հազիվ էի մնում․․․ այդ օրը․․․ Արամ ճիշտն ասած, չեմ հիշում ոչինչ․․․ հիմա երևակայում եմ միայն, թե ինչ է կատարվել։

–Կարող ես ավելի պարզ խոսել։ Դեռ ոչինչ չեմ հասկանում,—Արամը կանգնեց ընկերոջ առաջ։

–Սոֆին աշխատանքից տուն էր գալիս, առաջարկեցի տուն տանել, խմած էի, նա տեսավ դա միայն երբ նստեց մեքենան, բերի այստեղ․․․

–Ու՞,—անհամբերությամբ բացականչեց Արամը։

–Չեմ հիշում ինչ է կատարվել։

–Բա էլ ի՞նչ․․․ ինքը ի՞նչ է ասում․․․

–Իրեն տեսել եմ դրանից երեք օր անց․․․ լացեց-լացեց ու ասաց, որ ամեն ինչի մեջ ես եմ մեղավոր, գոռաց-գորգոռաց ու վռնդեց ինձ։ Ոչինչ չհասկացա․․․ Վախենում եմ․․․ հարբած ժամանակ չափն եմ անցել։

Արամը անձայն նստեց սեղանի մոտ դրված աթոռին։

–Ինչի՞ մասին ես խոսում, Վահան։

–Արամ, նա հղի է։

Արամը շշմած նայեց ընկերոջը։ Ի՞նչ է նշանակում հղի է։

–Մի նայիր այդպես․․․ ես ինքս չեմ հիշում ոչինչ․․․ վերջինը ինչ հիշում եմ, դա ինչպես նա նստավ իմ մեքենան, մեկ էլ երազի պես ինչպես ուզում էի համբուրել․․․ չլինի՞ բռնաբարել եմ․․․ չեմ հիշում ոչինչ Արամ, ընդհանրապես ոչինչ․․․

Բայց Արամը ոչինչ չէր լսում։ Հղի՜․․․

–Ո՞վ ասաց, որ հղի է։ Ի՞նքը․․․

–Ո՜չ։ Սոֆին չգիտի որ ես իմացել եմ դրա մասին։ Տեսա հիվանդանոցից դուրս գալը, գնացի, մի քանի ռուբլի ու բժիշկը ամեն ինչ պատմեց։

–Վա՜ն․․․

Արամը ոտքի ելավ։

–Ի՞նչ․․․

–Իսկ ո՞վ ասաց, որ քեզնից է։ Գու՞ցե․․․

–Ո՜չ, չհամարձակվես, նա այդպիսի աղջիկ չէ՛։

«Հղի՜ է»․ անվերջ հնչում էր Արամի ականջներում։

–Բայց դու հաստատ չգիտես։

–Արա՜մ, տեսնեիր նրա ճիչերն ու արցունքները, երբ գնացի մոտը այն օրվանից հետո․․․ անվերջ կրկնում էր, որ ես եմ մեղավոր, ոչնչացրել եմ իրեն, այլևս չունի ապագա, և շատ ուրիշ բան․․․ հիմա չգիտեմ, ինչ մտածեմ․․․ ինչու՞մ եմ մեղավոր․․․ ես այն օրը այնպես էի խմել, որ ոչինչ չեմ հիշում։

Արամը դեռ չէր կարողանում մարսել լսածը։ Ոչ նրան հետաքրքիր չէր Վահանի զառանցանքը, ու պատասխանում էր, որ ընկերոջ աչքից վրիպի իր հուզմունքը։ Սոֆին հղի է։

–Ուղղակի չեմ հասկանում, ինչու չի ասում ինձ։ Մի՞թե մտքից անցկացնում է, որ կարող եմ անտեր թողնել սեփական երեխուս։

–Սիրու՞մ ես նրան,—անկախ ինքն իրենից հարցրեց Արամը ու նայեց ուղիղ Վահանի աչքերի մեջ։

–Հիմար հարց․․․ սիրու՞մ ե՜մ, ես գժվում եմ նրա համար․․․ իմ համար անտանելի է այն փաստը, որ կարող էի այդպես վարվել նրա հետ։ Միթե այդ րոպեին, լրիվ անջատվել էի․․․

–Վահա՜ն․․․

–Ի՞նչ․․․

Արամը մի խոր հայացք գցեց ընկերոջ վրա, սակայն ոչինչ չասաց։

–Մի լռի, ասա մի բան։ Լրիվ մոլորվել եմ։ Ամաչում եմ նայել Սոֆիի աչքերի մեջ։ Մի քանի անգամ փորձեցի խոսել հետը։ Ասում է․ «Մի՛ մոտենա»։

–Ես պիտի գնամ,—հայտարարեց Արամը։

–Ու՞ր։ Քեզ սիրտս եմ բացում, իսկ դու՞։

–Մենք դեռ կխոսենք այս թեմայի շուրջ։

Երբ Սոֆին տեսավ դռան շեմին կանգնած Արամին ապշեց։

–Ինչու՞ եք եկել։

–Ե՜ք․․․ եթե կինը սպասում երեխայի մի տղամարդուց, ուրեմն պիտի նրան «դու»-ով դիմի։

Սոֆիի գույնը գնաց։ «Որտեղի՞ց գիտեք»․ գրվեց նրա ապշած դեմքին։ Արամը սպասեց, որ նա ճանապարհ տա իրեն։ Սակայն օրիորդը քարացել էր տեղում։ Արամը կողք հրեց նրան ու մտավ մեջ, փակելով իր հետևից դուռը։

–Ի՞նչ ես բերանդ ջուր առել; Խոսի՛ր։

–Հեռացե՛ք իմ տնից։

–Ինչու՞։

–Չե՛մ ուզում խոսել ձեր հետ, ո՛չ էլ տեսնել ձեզ։

–Սոֆի՜,– Արամը մոտեցավ, որ բռնի օրիորդի ուսերը։

–Մի՛ մոտեցեք ինձ։

Սոֆին պարզեց ձեռքերը, ասես սահման գծեց իրենց միջև։

–Հանգստացի՛ր ու խոսենք։

Սոֆին ետ-ետ գնաց ու դեմ առավ սեղանին։

–Ինչու՞ եք եկել։

–Ուզում եմ իմանալ, երեխան ի՞մն է։ Թե ինձանից հետո եղել և ուրիշ տղամարդիկ։

Սոֆին երկու ձեռքը ետ արեց ու բռնվեց սեղանից։ Նրա ուսերը կորացան ու գլուխը կախվեց կրծքին։

–Ի՞նչ եք խոսում։ Գնացե՛ք, խնդրում եմ գնացե՜ք։

Արամը մոտեցավ նրան։ Նորից պարզեց ձեռքը, որ բռնի նրան, սակայն նորից օրիորդը կծկվեց ու ձեռքերը բարձրացրեց, ասես հանձնվում էր։

–Ո՜չ, ո՛չ․․․ հեռու՛․․․

–Դու պիտի ասեիր, որ հղի ես․․․ պիտի գտնեիր, իմանայիր թե ո՛վ եմ ես, թե քո համար նշանակություն չունի, ումից երեխա ունենալ։

–Ձեզ ի՞նչ։ Ո՞վ եք որ հարցաքննում եք։ Իմ կյանքն է ինչ ուզեմ կանեմ,—լացակումած արտասանեց օրիորդը։

–Իհարկե․․․ գործը ձերն է,—Արամը չզգաց ինչպես անցավ «դուք»-ի։ Այդ համառը ստիպեց խաղալ իր կանոններով։—Ի՞նչ եք մտածում անել։

–Այսինքն․․․ ձեզ ի՞նչ․․․

–Եթե պահես երեխուն կկործանվես․․․

Սոֆին ուղղվեց ու քմծիծաղ արեց․

–Ես արդեն կործանվել եմ։ Բայց դա ձեր գործը չի։

–Իմն է․․․ որովհետև ես ամուսնացած եմ։

–Ամուսնացա՞ծ․․․

Արամը տեսավ ինչպես դիմացինը նյարդայնացած սեղմեց բռունցքները, կրծքին ու լարվեց, շրջվեց մեջքով ու մարմինը դողդողաց։

–Ի՜նչ թշվառն եմ ես․․․